Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) 501 (c) (3) շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է:

Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը պայքարելու է Հայոց Ցեղասպանության հետեւանքով խախտված մարդու իրավունքները վերականգնելու համար։ Այդ խախտումները շարունակվում են մինչ օրս եւ թուլացնում տվյալ տարածաշրջանի կայունությունը, որը չափազանց երկար է տառապել ցեղասպանության, բայց ոչ մարդու իրավունքների եւ արդարության վրա հիմնված քաղաքական որոշումներից:

Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը, իրավաբանական և կրթական նախաձեռնությունների միջոցով, ի լրումն փաստաթղթավորման, անդրադառնալու է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը կատարելու համար պատասխանատվության աշխարհաքաղաքական, տարածքային եւ մակրոտնտեսական հետեւանքներին, ներառյալ մեր պատմական հայրենիքի (Արեւմտյան Հայաստանի), Հայաստանի Հանրապետության և սփյուռքահայ շահագրգիռ կողմերի փոխհատուցման հարցերին եւ Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցին, որի անկախ կարգավիճակը եւ տարածաշրջանային անվտանգությունը այսօր միջազգային ասպարեզում մեծ խնդիրների է բախվում մեծ մասամբ Հայոց ցեղասպանության պատճառով։

Միջազգային իրավական գործունեությանը զուգահեռ Կենտրոնը կենտրոնանալու է Հայոց Ցեղասպանության հետեւանքով գողացված կամ բռնագրավված կոլեկտիվ գույքի եւ այլ ակտիվների, ներառյալ եկեղեցիների, կրոնական վայրերի, հիմնադրամների, դպրոցների, թանգարանների, արվեստի գործերի, արտեֆակտների, գրքերի եւ այլ մշակութային ժառանգության, համար արդարադատության վրա հիմնված լուծումների վրա: